Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի տեքստը։
Ըստ նախագծի ՝
ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը` ԱՄՆ վերահսկիչ բաժենմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։
Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները.
- պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում,
- ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
- պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ,
- ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից,
- կառավարել ԹՐԻՓՓ երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։
Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.
- երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ,
- ճանապարհային ենթակառուցվածքներ՝ մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ,
- էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ,
- թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր,
- աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության և անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.
- ենթակառուցվածքների հասանելիության վճարներ,
- տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն,
- գույքի վարձակալություն և զարգացում,
- ծառայության վճարներ,
- հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։
Հայաստանը հստակորեն պահպանում է.
- օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
- ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
- ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
- հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։