Սաղաթելյան․ ՀՅԴ-ն դաշինքով կմասնակցի ընտրություններին, դեռ հայտնի չէ՝ Քոչարյա՞նն է դաշինքը ղեկավարելու, թե ոչ

Սաղաթելյան․ ՀՅԴ-ն դաշինքով կմասնակցի ընտրություններին, դեռ հայտնի չէ՝ Քոչարյա՞նն է դաշինքը ղեկավարելու, թե ոչ

13 հունվարի 2026 – 14:47 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել 2026թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին։

«Որոշվել է լիազորել ՀՅԴ Հայատանի ԳՄ-ին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ՝ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունն ու մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նրա խոսքով, իրենք սկսելու են քննարկումներ՝ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ:

«Բնականաբար, մենք արժևորելով «Հայաստան» գործող դաշինքի գործունեություը, առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է՝ ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու չէ՝ հավակնություն՝ դաշինքը պահպանելու, ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու»,-ասել է նա:

Այն հարցին՝ ո՞վ է ղեկավարելու դաշինքը, և արդյո՞ք կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սաղաթելյանը պատասխանել է․ «Այդ մասին որոշում չկա։ ՀՅԴ-ն որոշել է մասնակցել, և որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա պետք է տեղի ունենան քննարկումներ, խորհրդակցություններ և բանակցություններ, որ գանք եզրակացության։ Այդ բոլոր հարցերում վերջնական որոշման կգանք քննարկումների և բանակցությունների արդյունքում»,- ասել է նա:

Նա հավելել է, որ որևէ քննարկում մինչ այդ տեղի չի ունեցել, քանի որ չեն ունեցել որոշում։

Սաղաթելյանն ընդգծել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու համար պատրաստ են այլ քաղաքական ուժերի հետ միանալ, հայտնում է Aysor. am-ը:

«Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր՝ մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցով, կհամագործակցենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինեն՝ ցույց կտան ընտրությունների արդյունքներրը»,- շեշտել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment