ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հայտարարություններից անցնի ակտիվ գործողությունների՝ աջակցելով Իրանի ցուցարարներին, X-ի իր էջում գրել է Իրանի շահի դինաստիայի ժառանգորդ՝ Ռեզա Փահլավին:
Նրա խոսքով՝ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, ով բացահայտորեն կանգնել է իրանցի ժողովրդի կողքին։ Փահլավին ընդգծել է, որ Իրանի վարչակարգը թուլացած է, իսկ ներկա պահը 1979 թվականից ի վեր երկրի ընթացքը փոխելու լավագույն հնարավորությունն է։ Նա ընդգծել է, որ ցուցարարներն օտարերկրյա ռազմական միջամտության կարիք չունեն, սակայն նրանց անհրաժեշտ է ԱՄՆ-ի վճռական աջակցությունը։
Ըստ Փահլավիի՝ Իրանի գործող իշխանությունների հետ բանակցությունները խաղաղության չեն բերելու, մինչդեռ ակտիվ քայլերը կարող են կյանքեր փրկել և տարածաշրջանում հանգեցնել երկարատև կայունության։
ԱՄՆ-ում բնակվող Փահլավին, ում հայրը 1979 թվականին ստիպված էր լքել Իրանն Իսլամական հեղափոխության հետևանքով, հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ հայրենիք՝ վճռական պահին հայրենակիցների կողքին լինելու նպատակով:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ:
