Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել կանանց ակտիվորեն օգտվել զինվորական ծառայության ընձեռած հնարավորություններից՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առկա հիմնական խոչընդոտը կարծրատիպերն են։
Այս մասին Սուրեն Պապիկյանը հայտարարեց մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք։ Կանայք նույնպես կարծրատիպեր կոտրելու խնդիր ունեն, որովհետև երբ հավասար հնարավորությունը տրվում է, հաճախ խուսափում ենք այդ հավասարությունից օգտվելուց»,-նշեց նա։
Պապիկյանը հավելեց, որ եթե կանանց համար նման հնարավորություններ չլինեին, հասարակության մեջ կարող էին հնչել հակառակ պնդումներ։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այսօր էլ բազմաթիվ հայուհիներ ունեն հայրենիքին ծառայելու ցանկություն, սակայն այդ ճանապարհին կանգնում են ընտանիքի, շրջապատի կամ հասարակության ձևավորած կարծրատիպերը։
«Խանգարում են եղբայրը, հայրը, ամուսինը, շրջապատը»,– ընդգծեց պաշտպանության նախարարը։