Հարյուրավոր ապաստան հայցողներ մնացել են առանց տանիքի․ փաստաբան

13 Հունվարի, 2026

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ կառավարություն․
ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում ապաստան հայցողների իրավունքների կոպիտ խախտման վրա։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Հայաստանում ապաստան հայցողներն ունեն կացարանի իրավունք և պետք է տեղավորվեն Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, ինչպես նաև անհրաժեշտ հագուստ ու կոշիկ։ Սակայն նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն անձանց, որոնք չունեն կենսաապահովման հնարավորություն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով։ Համաձայն այդ կարգի՝ տրամադրվող ամսական գումարը կազմում է ընդամենը 20,000 դրամ դիմումատուին և 15,000-ական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ ընդամենը երեք ամիս ժամկետով։
Ստացվում է մի իրավիճակ, երբ որպես կացարանի, սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների այլընտրանք պետությունն առաջարկում է առերևույթ անհամաչափ գումար, որով անհնար է ապահովել նվազագույն կենսապայմանները։ Ներկայում հարյուրավոր ապաստան հայցողներ պարզապես մնացել են առանց տանիքի, սոված ու զրկված տարրական հիգիենայից, ձմեռային հագուստից՝ չունենալով գոյատևման ոչ մի իրական հնարավորություն։
Այս խնդիրը ոտնահարում է մարդու արժանապատվությունը և անձին դնում անելանելի վիճակի մեջ։ Անհրաժեշտ է անհապաղ վերանայել դրամական օգնության չափը և այն համապատասխանեցնել օրենքով երաշխավորված կենսապահովման պայմաններին՝ սահմանելով իրատեսական գումար, որով անձը կկարողանա իրականում հոգալ կացարանի, ուտելիքի և հագուստի նվազագույն ծախսերը»։

Leave a Comment