Եվրամիությունը չի ակնկալում Իրանի ղեկավարության շուտափույթ անկում ցուցարարների ճնշման ներքո, սակայն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ՝ աջակցելով տեղի քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին Բեռլին կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պատմության մեջ վարչակարգերի անկման բազմաթիվ օրինակներ կան, բայց հարցն այն է, թե ինչ տեղի կունենա հետո։ Առայժմ պարզ չէ՝ այն կտապալվի՞, թե՞ ոչ»,- նշել է Կալլասը՝ պատասխանելով արևմտյան լրագրողների այն հարցին, թե «որքան շուտ անկում կապրի՞ Թեհրանը»։
«Որպեսզի վարչակարգը տապալվի, երկրի ներսում այլընտրանք է անհրաժեշտ։ Հենց այդ պատճառով է ԵՄ-ն ակտիվորեն աջակցում քաղաքացիական հասարակությանը», – հավելել է նա:
Իրանում ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Դրանք համընկել են միջազգային ճնշման ուժեղացման հետ, որը հաջորդել էր 2025 թվականի հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին։
Հունվարի 13-ի դրությամբ հաղորդվել է 2000 զոհի մասին:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա նաև հավանական է համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
