«Հայանտառի» մասնաճյուղի պահեստապետը փայտանյութի դիմաց կաշառք է ստացել․ 4 անձի գործով նախաքննությունն ավարտվել է

«Հայանտառի» մասնաճյուղի պահեստապետը փայտանյութի դիմաց կաշառք է ստացել․ 4 անձի գործով նախաքննությունն ավարտվել է

13 հունվարի 2026 – 17:40 AMT

PanARMENIAN.Net – Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնյայի և ևս երեք անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը վերաբերում է սահմանված չափը գերազանցող փայտանյութ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու դեպքերին, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի պահեստապետը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները, 2025 թվականի հուլիսին Վանաձոր համայնքի բնակչից և նրա որդուց կաշառք է ստացել՝ վերջիններիս սահմանվածից ավելի փայտանյութ տրամադրելու դիմաց։

Բացի այդ, նույն բնակիչը, մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, ևս մեկ անգամ կաշառք է տվել նույն պահեստապետին՝ փայտանյութ ստանալու նպատակով։

Նախաքննությամբ բացահայտվել է նաև երրորդ դրվագը՝ նույն պաշտոնատար անձի կողմից մեկ այլ քաղաքացուց կաշառք ստանալու դեպք, կրկին՝ թույլատրելիից ավել փայտ տրամադրելու համար։

Պահեստապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու երեք դրվագով։

Մյուս երեք անձինք մեղադրվում են կաշառք տալու համար՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև 436-րդ հոդվածի 1-ին մասի։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունն հաստատելու և այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment