Ակնհայտ է, որ գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի հետ, ամեն գնով կալանք պահելու հետ: Այս մասին ասյօր՝ հունվարի 13-ին, հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են այս հրեշավոր, չարամիտ, ամոթալի գործողության մեջ, որովհետև այո, նոյեմբերի 18-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման պայմաններում, երբ կալանքը երկարարաձգվեց ևս երկու ամսով, քննչական մարմինը պետք է լիներ ամենաակտիվ, ամենաջանասեր մարմինը, բայց ունենք ճիշտ հակառակը, ունենք տոտալ անգործություն, ունենք ընդհանուր առմամբ ջանասիրության տապալում քննչական մարմնի կողմից, բայց զուգահեռաբար ունենք դատախազություն, որը օրինակ կարողանում է հունվարի 5-ին ոչ թե հանձնարարական տա կամ ցուցում փոխանցի քննչականին, որ ի վերջո օրինականության հսկողությունը ապահովելով այնպես անեն, որ քննչականը տեղից շարժվի, ի վերջո ապահովի գործի ջանասիրությունը, փոխարենը ունենք, որ կարողանում են հասցնել վերաքննիչ բողոք մուտքագրել՝ ամեն գնով կալանք պահանջելու համար։ Հետևաբար, այո՛ որևէ գործողություն չի եղել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ»,- ասաց նա։
Մեկնաբանելով դատակա ակտի վերաբերյալ փաստաբանական թիմի ներկայացրած բողոքը՝ Վարդևանյանը նշեց․
«Երբ մենք խոսում ենք Սամվել Կարապետյանի մասին, մենք խոսում ենք անձի մասին, ով քաղաքական հայտ է ներկայացրել դեռևս 2025 թվականի հուլիսի 4-ի իր հրապարակային ուղերձով, որը շարունակական է եղել, վերահաստատվել է և գնալով էլ ավելի մեծ մասշտաբի է հասել: Հիմա այդ պայմաններում, երբ անձին հրապարակային հայտարարություններ անելու սահմանափակում եք կիրառում, դրանով ի՞նչ ենք պատկերացնում: Այսինքն, դրանով մենք ժողովրդավարություն ենք պատկերացնում, քաղաքական իրավունքների իրացում ենք պատկերացնում: Հիմքերից մեկը դա է, որ այն պետք է անհապաղ վերացվի: Երկրորդը, երբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք, լրացուցիչ խափանման միջոցի էլ անհրաժեշտությունը ո՞րն է։ Ընդհանրապես դա առավել քան բավարար է, առավել քան: Հետևաբար մյուսը նաև ընդհանրապես դրա վերացումն է: Տնային կալանք խափանման միջոցի մասին է խոսքը, որը ևս չափազանց ինտենսիվ խափանման միջոց է»:
Մանրամասն՝ տեսանյութում։