Սաղաթելյան․ Ընդդիմադիրները պետք է նախապես հայտարարեն, որ չեն համագործակցելու իշխանությունների հետ

Սաղաթելյան․ Ընդդիմադիրները պետք է նախապես հայտարարեն, որ չեն համագործակցելու իշխանությունների հետ

13 հունվարի 2026 – 16:19 AMT

PanARMENIAN.Net – ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում, անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափին, ասել է, որ ընդդիմադիրները պետք է նախապես հայտարարեն, որ չեն համագործակցելու իշխանությունների հետ:

«Մեր կարծիքով ընդդիմադիր միավորները նախօրոք պետք է հայտարարություն անեն՝ որ որևէ պարագայում չեն համագործակցելու այս իշխանությունների հետ, բայց մի շարք կարևորագույն հարցերի շուրջ պատրաստ են համագործակցել», – ընդգծել է նա, հայտնում է Aravot.am-ը:

Նրա խոսքով՝ անկախ այն բանից, թե ընդդիմադիր ուժերը ընտրություններին կմասնակցեն առանձին, թե դաշինքային ձևաչափով, կան օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Դրանց թվում են՝ եկեղեցու պաշտպանությունը, քաղբանտարկյալների հարցը, միմյանց չթիրախավորելու քաղաքական պայմանավորվածությունը և ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Դաշնակցությունը կրկին հանդես կգա «Հայաստան» դաշինքի կազմում, Սաղաթելյանը պատասխանել է, որ, քննարկումներն առաջին հերթին սկսվելու են ներկայիս գործընկերների հետ։

Նա հաստատել է, որ այս հարցի շուրջ արդեն տեղի է ունեցել նախնական զրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուստեք ցանկություն առկա է, սակայն, ըստ Սաղաթելյանի, բանակցություններ դեռ չեն մեկնարկել, քանի որ գործընթացն ունի իր ընթացակարգերը։

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր է արդյոք համագործակցություն ՀՀԿ-ի հետ կամ պայմանավորվածություն՝ միմյանց չխանգարելու վերաբերյալ, Սաղաթելյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ-ն ակտիվ խորհրդակցություններ է վարում քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ՝ մի շարք հիմնարար հարցերի շուրջ։

«Արդեն մեկ ամիս է՝ քաղաքական դաշտի միավորների հետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ Դաշնակցությունն իրականացնում է խորհրդակցություններ և քննարկումներ։ Հիմնականում 5 կետի շուրջ են տեղի ունենում այդ քննարկումները, որոնցից մեկը միմյանց չթիրախավորելը և սլաքները գլխավոր թիրախի ուղղությամբ ուղղելն է», – նշել է Սաղաթելյանը։

Նա նաև դրական է գնահատել «Մեր ձևով» շարժման ձևավորումը՝ նշելով, որ հույս ունեն, թե այն ընդդիմադիր դաշտում կգրավի իր կայուն տեղը։

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, այս իշխանությունների կողմից ապօրինաբար է հալածվում, և այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ, մեզ համար անընդունելի և դատապարտելի է։ Նա ուղիղ հալածվում է հայկական եկեղեցու կողքին կանգնելու համար:

Մենք հույս ենք հայտնում, որ նոր ձևավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղը և դերը։ Ինչպիսի վարչապետի թեկնածուով հանդես կգան, ինչպիսի ծրագրով, դա արդեն այլևս մեր որոշելիքը չէ։ Ես վստահ եմ՝ կա հավաքված թիմ, ծրագիր, և հանրությանը համապատասխան առաջարկներ կանեն, և ըստ իրենց դիրքավորման էլ մեր քաղաքացիները կորոշեն՝ ում ինչ քվե տալ», – ասել է Սաղաթելյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment