ՀՀ-ում տարեկան շուրջ 7000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար․ Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ահազանգում է․

Հարգելի՛ գործընկերներ,

խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ:

Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը: Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված դատավճիռների քանակը:

Փաստորեն, 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով : Իհարկե որոշ առումներով նշված հանգամանքը պայմանվորված է նոր քրեադատավարական օրենսգրքի կարգավորումներով: Սակայն, ուսումնասիրելով դատավճիռների բնույթը պարզվում է, որ դրանց շուրջ 70 %-ը վերաբերում է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններին (այսուհետ նաև՝ տրանսպորտային հանցագործություններ):

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:

Որպես համեմատություն՝ քրեական օրենսգրքով նախատեսված մյուս բոլոր հանցատեսակներով կայացվել է շուրջ 3000 դատավճիռ:

Կարևոր է արձանագրել նաև, որ տրանսպորտային հանցագործություններով դատավճիռների մեծ մասով նշանակվում է տուգանք, և նվազագույն հաշվարկով տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 2.5 մլրդ դրամ:

Այստեղից հարց է ծագում՝ տարեկան 7000 մարդ ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը:

Իհարկե տարանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են:

Փաստորեն 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները:

Leave a Comment