Դոնալդ Թրամփի հետ կապվող World Liberty Financial կրիպտոընկերությունը իր դուստր ընկերություն հանդիսացող WLTC Holdings-ի միջոցով դիմել է ազգային բանկի (national trust bank) լիցենզիա ստանալու համար։
Բանկը կենտրոնանալու է սթեյբլքոինների թողարկման և պահպանման վրա։ Նշված սթեյբլքոինների շարքում է նաև դոլարով ապահովված USD1-ը, որը թողարկվել է նախորդ տարի և այժմ ունի ավելի քան 3.3 միլիարդ դոլարի շրջանառություն։
Եթե ԱՄՆ Արժույթի վերահսկման գրասենյակը (OCC) հաստատի դիմումը, WLTC-ն կկարողանա գործել որպես լիցենզավորված բանկ՝ սպասարկելով ինստիտուցիոնալ հաճախորդների, ինչպիսիք են՝ կրիպտոբորսաները, շուկա ստեղծողները և ներդրումային ընկերությունները։ Ընկերությունը նաև նախատեսում է առաջարկել թվային ակտիվների պահառության և սթեյբլքոինների փոխարկման ծառայություններ՝ հնարավորություն տալով այլ սթեյբլքոինները փոխանակել USD1-ով։
World Liberty Financial-ը հիմնադրվել է 2024թ.-ին Թրամփի երեք որդիների կողմից, իսկնԴոնալդ Թրամփը ներկայացվում է որպես «համահիմնադիր էմերիտուս»։ Ըստ Financial Times-ի, Թրամփը 2024թ.-ին հայտարարել է այս նախաձեռնությունից ստացած 57.3 միլիոն դոլար անձնական եկամտի մասին։
Այս քայլը հաջորդել է OCC-ի կողմից մի շարք կրիպտոընկերությունների բանկային լիցենզիաների պայմանական հաստատմանը. սույն ընկերությունների թվում է նաև Ripple-ը։