13 հունվարի 2026 – 16:42 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծման գործընթացին՝ ներկայացնելով դրա արդյունքները:
Նա ընդունել է նաև, որ այս հարցում կա քննադատություն, և ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում:
«Ադրբեջանից ներմուծվել է հիմնականում Premium տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ Հայաստանում Premium տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով` նախկին 510 դրամի փոխարեն 430 դրամ է։
Երկու օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, որի նվազագույն գինն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով։ Նաև Regular տեսակի բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտ 8 տոկոսով։ Այսինքն՝ եթե դեկտեմբերի 11-ին Regular տեսակի բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա խաղաղության արդյունքներն ու օգուտներն են:
Անդրադառնալովբ քննադատություններին՝ նա ասել է․ «Հայաստանում ասում են՝ բենզին եք գնում, փողերը ուղարկում եք Ադրբեջան, որ այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա, իսկ Ադրբեջանում ասում են, թե բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»։
Ըստ նրա՝ այդ մտահոգությունները տեղին չեն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, որն աստիճանաբար պետք է դառնա ինստիտուցիոնալ։
Նա հավելել է, որ Հայաստանում նման քննադատությունները գալիս են այն շրջանակներից, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել բենզինի շուկայում։
«Նրանք ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, և օգտվելու են ՀՀ քաղաքացիները», – նշել է վարչապետը։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ 2026 թվականի հունվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին: