Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) միացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաք-արշավին՝ իրականացնելով 11.5 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն։ Նվիրատվությունն ուղղված է Սյունիքի մարզում գտնվող Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրին, որն ունի կենսական նշանակություն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման և ջրային պաշարների պահպանման համար։
Ծրագրի իրականացումից հետո արդյունավետ ոռոգում կստանա շուրջ 2800 հեկտար հողատարածք, իսկ 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու՝ Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի համայնքներում։ Այս նախաձեռնությունը նպաստելու է գյուղատնտեսական արտադրության կայուն զարգացմանը, բնակչության եկամուտների աճին և համայնքների կենսունակության ամրապնդմանը։
Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներով Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) մշտապես կարևորում են Հայաստանի երկարաժամկետ զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը՝ գիտակցելով ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ կառավարման առանցքային դերը երկրի ապագայի համար։
AMX-ը կոչ է անում գործընկերներին աջակցել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը՝ պահպանելու Հայաստանի ջրային պաշարները։

