Թուրքիան կմիջամտի Իրանի ներքին գործերին ·

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին և միասնության կոչ արել՝ դիմագրավելու երկրի «թշնամիների ոտնձգություններին»: Նույն օրը բողոքի ցույցերին միացել են Իրանի հյուսիսի քաղաքները՝ Թավրիզը և Արդեբիլը:

Մինչ այդ փորձագետները տպավորություն ունեին, որ կապված նախագահ Փեզեշքիանի էթնիկ ծագման հետ, այսպես կոչված իրանական Ադրբեջանը «չեզոքություն է պահպանում»:

Թավրիզում հունվարի 9-ին հնչել է «մահ բռնապետին» կոչը, որ իրանցի ցուցարարները հասցեագրում են երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին: Ըստ որոշ աղբյուրների, Խամենեին «նույնպես էթնիկ ադրբեջանցի է»: Բաքվի մամուլը քննարկում է մի հարց. «Իրանական Ադրբեջանը կպաշտպանի՞ թագաժառանգ Ռզա Փահլավիին»:

Այդ հարցն ունի պատմական խոր արմատներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Թավրիզում հռչակել է «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն»:

1946թ.-ին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պահանջով խորհրդային զորքերը դուրս են բերվել Իրանից, և շահական իշխանությունները ճնշել են «ադրբեջանական հեղափոխությունը»:

Աղբյուրները զոհերի և ձերբակալվածների մասին տարբեր տեղեկություններ են հայտնում: Ամեն դեպքում խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որոնց մի զգալի մասը հետապնդումներից խուսափել և ապաստան է գտել խորհրդային Ադրբեջանում:

Այդ իրադարձությունները տեղի են ունեցել թագաժառանգի պապի՝ Ռզա շահ Փահլավիի, օրոք, ավելի քան ութսուն տարի առաջ, բայց Բաքվում պնդում են, որ «շահական իշխանության դեմ ադրբեջանցիների ատելությունը սերնդե-սերունդ փոխանցվել է»:

Իրանական «հեղափոխությունն» այսօր ընդգծված առաջնորդ չունի: Թագաժառանգ Փահլահին բնակվում է ԱՄՆ-ում: Նա օժանդակության խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, բայց վերջինս դեռևս հանդիպման ցանկություն չունի:

Ըստ երևույթին, Իրանի հոգևոր առաջնորդի կոչը Թավրիզում ընկալվել է որպես նախագահ Փեզեշքիանին հեռացնելու ազդակ, և էթնիկ ադրբեջանցիները ցույցերին միացել են, որպեսզի նրան ապահովագրեն:

Եթե Իրանում քաղաքական զարգացումները «բարեփոխիչներ-պահպանողականներ» հակադրությունից տեղափոխվեն «պարսկական ազգայնականություն-էթնիկ ինքնություն» մրցապայքարի հարթություն, ապա երկրի մասնատման վտանգն ավելի առարկայական կդառնա:

Մեծ է հավանականությունը, որ իշխող վարչախմբին օգնության պատրվակով Թուրքիան կմիջամտի Իրանի ներքին գործերին:

Leave a Comment