Սիրո ցավը

Կանչիր Ինձ, և Ես կլսեմ քեզ, կմոտենամ և կօրհնեմ քեզ:

Օգտագործիր Իմ շտեմարանների անսպառ հարստությունները` քո ու այլոց կարիքների համար:

Փնտրիր Իմ սքանչելի ճշմարտություններն ու պիտի գտնես:

Կարող է այնպես լինել, որ լռության մեջ նստած` քեզ թվա, թե բոլորովին մենակ ես մնացել: Այդ դեպքում հրամայում եմ, այո՛, հրամայում եմ, որ հիշես, թե խոսել եմ քեզ հետ, ինչպես որ խոսեցի Էմմավուսի ճանապարհին: Ինչպես որ եղավ Վերնատան մեջ Իմ Համբարձումից հետո, երբ Իմ աշակերտները մխիթարում էին իրենց` ասելով.

«Չէ՞ որ ճանապարհին նա խոսեց մեզ հետ»:

Իմ ներկայության գիտակցությունը դուք կունենաք` անգամ առանց Իմ ձայնը լսելու: Մնացեք Իմ այդ ներկայության մեջ: «Ես Եմ աշխարհի Լույսը»: Սակայն երբեմն սիրուց ու նրբանկատությունից ելնելով` թույլ չեմ տալիս, որ Իմ Լույսը սաստիկ փայլով շողա ձեզ վրա, որպեսզի չլինի, որ նրա շլացնող պայծառությունից կորցնեք ձեր առօրյա ճանապարհը կամ գործը:

Քանի դեռ հոգիները չեն հասել անանց երկնքին, նրանք չեն կարող նստել ու վայելել Աստծո Հայտնության սքանչացումը, որ վերապահված է յուրայիններին:

Այժմ դուք ճամփա ելած ուխտավորներ եք, որ կարիք ունեք ձեր ընթացքը ճշտող առօրյա հրահանգների, ինչպես նաև անհրաժեշտ ուժի ու առաջնորդության:

Սիրով սպասեք և ուրախությամբ լսեք Իմ ձայնը:

Երբեք ականջի հետև մի գցեք այն, ինչ լսեցիք:

Ես մրցակիցներ չեմ ունենում. երբ մարդը նախընտրում է աշխարհի խառնիճաղանջ կյանքը, Ես հետ եմ քաշվում:

Կյանքը խորապես վիրավորել է ձեզ: Սակայն միայն վիրավորված կյանքերն են ի զորու` իրապես փրկել:

Կարգապահությունը, կարգ ու կանոնը չի կարելի անտեսել: Կատարելը` նշան է Իմ աշակերտը լինելու:

Սիրելինե՛ր, ապավինեք, վստահեք Ինձ:

Թողեք ըմբոստությունները: Այն վստահությունը, որ դուք ցույց եք տալիս Ինձ այսօր, հեռացնում է մերժված սիրո ցավը, որ Ես ապրեցի երկրի վրա և որը կրում եմ այսօր:

«Ես ձեզ համար մեռա, Ի՛մ որդիներ, և դուք այսպե՞ս եք վարվում Ինձ հետ»:

Leave a Comment