Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության և սպանության գործով 4 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության և սպանության գործով 4 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հունվարի 9-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանության հետևանքով 23-ամյա տղա է մահացել, կա վիրավոր։ Ըստ կայքի՝ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

ՔԿ-ից մանրամասնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի (առողջությանը ծանր վնաս պատճառելը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում) (2 դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում), 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) հատկանիշներով:

Leave a Comment