Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրապարակել է դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ «Ադրբեջան» անունը փակելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության հետ հարց ու պատասխանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի դահուկային սպորտի ֆեդերացիային ուղղված հարցման պատասխանը ստանալուց հետո։
Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ֆեդերացիային ուղղված ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի նամակը։
ԿԳՄՍ փոխնախարարը Ֆեդերացիայից պարզաբանում է պահանջել Միքայել Միքայելյանի՝ «Ադրբեջան» անունը փակելու վերաբերյալ։
«Իտալիայում կայացած դահուկավազքի Tour de Ski մրցաշարի ընթացքում մարզաշապիկի վրա «Ադրեջան» գրառումը փակելու վերաբերյալ խնդրում եմ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել պարզաբանում»,- գրված է փոխնախարար Հասմիկ Ավագյանի նամակում։
Գագիկ Սարգսյանը նախարարությանը պատասխանել է, որ Միքայել Միքայելյանի քայլը պարզաբանման կարիք չունի։
«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված Tour de Ski-ը պարզապես մրցաշար չէ, այլ աշխարհի գավաթի փուլերից մեկն է, ինչպես նաեւ «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա եւ հայորդու քայլը առավել քան պարզ է եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- պատասխանել է Գագիկ Սարգսյանը։