Մեծաթիվ ոստիկաններ՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում․ Գարեգին Բ-ն այսօր փոխել է թեմի առաջնորդին

Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու բակում մեծաթիվ ոստիկաններ և քաղաքացիներ կան։ Ոստիկանների՝ այնտեղ գտնվելու մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մայր Աթոռը հայտարարեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդը փոխվել է։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին այս պաշտոնում փոխարինել է Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Գարեգին Բ-ն, ըստ Մայր Աթոռի, պաշտոնանկ է արել պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու համար։

Հիշեցնենք՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը միացել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցին բարենորոգելու ծրագրին։

Կաթողիկոսի որոշման հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ-ի որոշումներն առ ոչինչ են և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ թեմի առաջնորդ։

Կաթողիկոսի որոշումից հետո Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը հավանաբար գնալու է առաջնորդանիստ եկեղեցի, ոստիկանությունը, հավանաբար, այնտեղ է նրա մուտքը կանխելու համար։ Տեղում աշխատող լրագրողներին ոստիկանները հայտնել են, որ տարածքում հասարակական կարգն են ապահվում՝ առանց մանրամասնելու, թե ումից են նման առաջարկ ստացել։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ՝ պարզելու համար արդյո՞ք ինքն է ուժայիններին հրավիրել կամ պատրաստվում է առաջնորդարանից հեռանալ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։

Երեկվանից շուրջ երկու տասնյակ քահանաներ հայտարարում են, որ միանում են վարչապետի՝ եկեղեցին բարենորոգելու ծրագրին, ի պատասխան այլ քահանաներ՝ թվով ավելի շատ, հայտարարում են, որ աջակցում են Գարեգին Բ կաթողիկոսին։

Նարեկ Կիրակոսյան

Leave a Comment