2018 թվականից հետո ներդրումային վեճերի վերաբերյալ ընդդեմ ՀՀ-ի առնվազն չորս խոշոր արբիտրաժային գործ է մուտքագրվել և քննվում միջազգային ատյաններում, այդ թվում՝ ԶՊՄԿ բաժնեմասերի մութ գործարքների և Ամուլսարի վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2018 թվականից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ կառավարությունը ստացել է 6 ծանուցում ներդրումային վեճերի վերաբերյալ։
«Դրանցից չորսը՝ Walnort Finance Limited ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/24/20), Amulsar Investor Ventures LLC ընդդեմ Հայաստանի Հանրապետության (2023-66), Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/21/17) և Liormand Holdings Limited և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության (SCC Arbitration V 2025/129), գտնվում են քննության փուլում, մեկ գործով` Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/18/28), տրիբունալը ամբողջությամբ մերժել է հայցվորների պահանջները»,- նշել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։
Վերոգրյալից զատ, 2023 թվականի նոյեմբերին Sinohydro Corporation Limited ընկերության կողմից Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոն է ներկայացվել արբիտրաժային հայց ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ARB597/23/VKH գործ):
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից նաև անդրադարձել են Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/17/36) գործին, որով, ըստ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության գրասենյակի, հայցվորի պահանջները մերժվել են և Տրիբունալը պարտավորեցրել է փոխհատուցել Հայաստանի Հանրապետության կրած արբիտրաժային ծախսերը։ Հետագայում՝ վճռի մասնակիորեն չեղարկման արդյունքում ներկայումս գործը գտնվում է փոխադարձ կատարման փուլում: Ըստ էության՝ պաշտոնապես տրամադրվել է այդ մասով ոչ հավաստի տեղեկություն։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թ-ին հուլիսին, վիճարկելով ՀՀ կառավարության գործողությունները, սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանին հաջողվել է բողոքարկման միջոցով հիմնավորել, որ երբեւէ չի եղել ՀՀ քաղաքացի, չի ունեցել ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր եւ ՀՀ կառավարությունը մոլորեցրել է Բարձր դատարանին։ Արդյունքում՝ ICSID-ի հանձնաժողովը հիմնավորված է համարել ներկայացված փաստարկներն ու ընդդեմ ՀՀ կառավարության որոշում կայացրել, որով պարտավորեցրել է վերադարձնել Էդմոնդ Խուդյանի վճարած 737.000 ԱՄՆ դոլարը ու փոխհատուցել վնասները՝ 438.000 ԱՄՆ դոլարի չափով։ Ուշագրավ է, որ ICSID-ին անհանգստությունն էր հայտնել Հայաստանի գործողությունների վերաբերյալ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խուսափում էր կատարել այն ու 438.000 ԱՄՆ դոլարը չի վճարել՝ իր անպատասխանատվությամբ զարմացնել ICSID-ին։
Ինչ վերաբերում է քննության փուլում գտնվող մյուս գործերին, մասնավորապես, Walnort Finance Limited ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործին, ապա այս գործով ընկերությունը հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը։ Ըստ ընկերության՝ Հայաստանը պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասների համար։