Ամանորից հետո գրեթե ամենօրյա զարգացումներ սկսեցին ծավալվել Հայ առաքելական եկեղեցու շուրջ՝ իշխանության ներկայացրած «եկեղեցու բարենորոգում» ծրագրի շրջանակում։ Հայաստանի վարչապետի նախաձեռնած այս ծրագիրը սկսել է իրականացվել տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների գործակցությամբ։ Հունվարի 10-ի գիշերը, թերևս, մինչև այս պահը ամենաշրջադարձային պահերից էր․ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ կաթողիկոսին հեռացնելու օրակարգով ծրագրին միացել է 20-ից ավելի եկեղեցական։
Եթե փորձենք պատկերավոր ներկայացնել, ապա իշխանության՝ «Եկեղեցու բարենորոգում» անվանումը ստացած ծրագրի շրջանակում սկսվել է նյարդերի պայքար։ Այն բանից հետո, երբ մեկ գիշերում տասնյակ հոգևորականներ հայտարարեցին կաթողիկոսին փոխելու օրակարգն առաջ տանող ծրագրին միանալու մասին, Մայր Աթոռը պատասխան քայլ արեց․ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, ով վարչապետի հայտարարած «բարենորոգման ծրագրին» միացած տասը հոգևորականների առաջին խմբում էր։ Այս քայլին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ այդ հոգևորականը շարունակելու է զբաղեցնել իր հոգևոր պաշտոնը, քանի որ, մեջբերում, «եկեղեցու բարենորոգման» մասնակիցների համար Կաթողիկոսի դիրքից Կտրիճ Ներսիսյանի կայացրած որոշումները «արժեք չունեն և առոչինչ են»․ մեջբերման ավարտը։
Այս ամենից դեռ մեկ օր առաջ վարչապետը հավաստիացնում էր, որ գործընթացը հանրությանը պառակտման չի տանելու։
«Ես կարծում եմ, որ պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, հեռացված է եկեղեցուց և Հայաստանի ժողովուրդը ավելի ու ավելի պակաս կապ ունի իր իսկ եկեղեցու հետ, որովհետև եկեղեցու վերնախավի գործելակերպը հենց եկեղեցին մեկուսացնելն է ժողովրդից։ Ընդհակառակը, այս պրոցեսը մարդկանց ավելի շատ է տանում պատարագների, նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում և այլն, և այդպես շարունակ։ Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը»։
Իսկ արդեն հունվարի լույս 10-ի գիշերը, ինչպես ասում են, «համացանցը եռում» էր։ Մի կողմից հրապարակվում էին կաթողիկոսին փոխելու ծրագրին հարող հոգևորականների անունները, որոնք, ըստ տարբեր հրապարակումների, շուրջ 30-ն են։ Մյուս կողմից համացանցում շտապում էին իրենց գրառումները տեղադրել այն հոգևորականները, որոնք իրենց նվիրվածություն էին հայտնում Մայր Աթոռին և Կաթողիկոսին։
Վարչապետի ներկայացրած՝ եկեղեցին բարենորոգման ծրագրին աջակցելու պատրաստակամություն հայտնած եկեղեցականների քայլը վարչապետը խիզախ անվանեց, պատրաստակամություն հայտնեց հանդիպել նրանց հետ և առաջարկեց իր ու կառավարության աջակցությունը։
Այս իրադարձություններից ավելի ուշ արդեն Հայաստանի վարչապետը խոսում էր եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին։
«Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս մինուս մի քանիսը։ Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում` արդյո՞ք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է առնչություն ունենա մեր հանրային քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն։ Ես կարծում եմ, որ այո, պետք է ունենա առնչություն, և եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային, եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, կողք կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել»։
Եթե վերհիշենք ժամանակագրությունը, ապա ամանորյա տոներից անմիջապես հետո սկսվեց դեռ նախորդ տարվանից սկիզբ առած քայլերի պայմանական երկրորդ փուլը։ Հունվարի 4-ին Հայաստանի վարչապետի կեցավայրում Փաշինյանը և տասը եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ» և մշակեցին, իրենց ձևակերպմամբ, անցնցում քայլերի ճանապարհային քարտեզ։ Հաջորդիվ՝ հունվարի 6-ին, տեղի ունեցավ ուխտերթ, ապա հունվարի 8-ի ճեպազրույցին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են այնպես անել, որ Կաթողիկոսը, որին վարչապետը վաղուց արդեն դիմում է ավազանի անունով, փոխի իր մտադրությունը և ստիպված հեռանա։
Մինչ վերլուծաբաները հետագա իրադարձությունների տարբեր սցենարներ են քննարկում, ընդդիմադիր գործիչները իրավունքի տեսանկյունից պնդում են, որ պետական իշխանության ղեկավարի անմիջական ներգրավվածությունը եկեղեցու ներքին կառուցվածքի ձևավորման գործընթացին բացահայտորեն խախտում է Եկեղեցի-պետություն տարանջատման սկզբունքը, հակասում սահմանադրությանը և ստեղծում վտանգավոր նախադեպ։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ սահմանադրական կարգի խախտման համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում։ Ինքը՝ վարչապետը, չի՞ մտահոգվում, որ ինքն էլ կարող է քրեական պատասխանատվության առաջ կանգնել՝ հարցին արձագանքելիս վարչապետն արձագանքում է՝
«63-րդ սաղմոսը այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է․ «անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց»։ Թող շարունակեն փնտրել և քննել, և նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում»։
Փաշինյանն այսպիսով մեջբերում է 63-րդ Սաղմոսը՝ հարցի պատասխանն այնտեղ տեսնելով։