Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգին 168.am-ը հարց էր ուղղել՝ ինչպե՞ս եք գնահատում մի շարք եկեղեցականների հայտարարությունները այսպես կոչված՝ բարենորոգման ծրագրին միանալու վերաբերյալ։
«Անընդունելի և դատապարտելի է եկեղեցականների միանալը այսպես կոչված Հայ Եկեղեցու բարենորոգման ծրագրին, ինչն ակնհայտորեն Եկեղեցու պառակտում է և որևէ առնչություն չունի Եկեղեցու իրական բարենորոգման հետ։
Եկեղեցու բարենորոգումը մշտապես եղել է Եկեղեցու օրակարգում, հատկապես վերջին տասնամյակներում։ Հոգևոր դասը քաջ գիտի, թե այդ ուղղությամբ ինչպիսի աշխատանքներ էին տարվում, ինչպիսի հանձնախմբեր էին գործում առաջիկա Ազգային-Եկեղեցական ժողովում բարենորոգմանն ուղղված համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար։
Եկեղեցու բարենորոգումը պետական այրերի իրավասության մեջ չէ և չի կարող կատարվել պետության ճնշման, արտաքին հարկադրանքների ներքո։ Տեղի ունեցող գործընթացները կոպտագույն խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ Եկեղեցու ինքնիշխանության ու իրավունքների»,- ասված է պատասխան նամակում։