«Մենք էլ կարող ենք ասել, որ Փաշինյանը վարչապետ չէ»․ Էդմոն Մարուքյան

«Մենք էլ կարող ենք ասել, որ Փաշինյանը վարչապետ չէ»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները իրենց համար արժեք չունեն և առոչինչ են։ «Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը այդ գրառումը հրապարակեց այն բանից հետո, երբ այսօր հայտարարվեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե լեգիտիմ ընտրված և օծված Գարեգին Բ-ն Կաթողիկոս չէ, որովհետև իբր խախտել է Եկեղեցու կանոնակարգը, ապա մենք էլ կարող ենք ասել, որ Փաշինյանը վարչապետ չէ, քանի որ խախտել է կառավարության ծրագիրը։
Ինչպե՞ս կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով՝ ոչ, կամ ով որտեղ պետք է իրականացնի իր հոգևոր ծառայությունը։
Նույն տրամաբանությամբ վաղը ինչ-որ մեկը կարող է ասել, որ չի ընդունում Հայաստանի ՆԳՆ որևէ հրաման, քանի որ գտնում է, որ Ներքին գործերի նախարարին նշանակել է ոչ լեգիտիմ վարչապետը և հետևաբար, հրաժարվում է հաշվի նստել նրա կողմից ընդունված և հաստատված որոշումների հետ։
Սա ի՞նչ անարխիայի քարոզ է երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան

Leave a Comment