Եկեղեցին մաքրվում է. Պետրոսի նման կարող են զղջալ ու հետ գալ, քան Հուդայի նման գնան ու կորչեն». Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Երեկվանից հանրության շրջանում «տիրադավ» անվանում ստացած եպիսկոպոսների հոգևոր թեմերի քահանաներից ոմանք իրար հետևից «հավատարմության» երդում են տալիս հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և «տիրադավներին»։

Այդ քահանաները ֆեյսբուքյան իրենց էջերում միանման՝ նույն հայտարարությունն են տարածում՝ ասելով, որ միանում են Փաշինյանի հայտարարած «եկեղեցու բարենորոգմանը»։

Չնայած թեմերում ոչ բոլոր քահանաներն են միացել «տիրադավներին», օրինակ, Մասյացոտն թեմում բազմաթիվ քահանաներ որևէ ճնշման չեն ենթարկվել և հավատարիմ են մնացել իրենց ուխտին՝ Մայր Աթոռին ու Վեհափառին։

Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ․Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ.Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս քահանա Սարգսյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցու բոլոր քահանաներն օծվել են Վեհափառի կողմից՝ առնելով աստվածային շնորհը, որպեսզի  ծառայեցնեն Աստծո փառքին, եկեղեցու պայծառությանը, մարդկանց  հոգիների փրկությանը։ Թե այս ամենից զատ, մարդիկ ինչ են տեսնում, որ որոշել են դեմ դուրս գալ եկեղեցուն՝ չի կարող ասել։

«Մի հետաքրքիր պատմություն կա, ասում է՝ Աստված Անտոն Մեծին ցույց է տալիս, թե մարդիկ ինչքան հեշտ են «ընկնում», տեսակ-տեսակ խոսքերով խաբվում, ու այն տեսակ մարդիկ, ովքեր լավ առումով հայտնի են՝ ապրում են Ավետարանի խոսքով, սրբակենցաղ կյանքով։

Բայց օրերից մի օր էլ տեսնում են, որ այս մարդն այլևս առաջվանը չէ՝ չկա, հոգևորի մեջ չէ։ Անտոն Մեծն Աստծուն ասում է՝ եթե այդպես է, ապա ի՞նչը կարող է լինել մեզ համար փրկություն, որպեսզի այդ ամենի մեջ չհայտնվենք։ Աստված պատասխանում է՝ հնազանդությունն ու խոնարհությունը։ Հնազանդությունն Աստծո կամքն է, հաճախ մենք ասում ենք՝ Աստված, բայց անում ենք մեր ուզածը, ինչը նշանակում է, որ հնազանդություն չի լինում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Սարգիսը։

Հոգևորականը հիշեցրեց՝ Սուրբ գիրքը միշտ ուսուցանում է, որ մարդն իր տան հարցերը պետք է քննարկի տան ներսում՝ ընտանիքում։ Սուրբ գիրքը նաև ասում է՝ «Ում է հաճելի, որ ձեզ դատը տեսնվի հեթանոսների առաջ»։

«Այդ «հրաժարվողներից» շատերը քահանայության մեջ փորձառություն ունեն, ծառայություն են կատարել տարիներ շարունակ, ես չգիտեմ՝ իրենք ինչու են նման բան արել ու ինչ են մտածում։ Թող Աստված լինի բոլորիս դատավորը, մեզ սովորեցնի, որ իր փառքն ու գործն ավելի շատ փնտրենք, քան թե մերը»,- հավելեց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

Հոգևորականը վստահ է՝ այս ամբողջ գործընթացով Առաքելական եկեղեցին և՛ մաքրվում է, և՛ վնասվում։ Մանրամասնելով, Տեր Սարգիսն ասաց, որ եկեղեցին վնասվում է, քանի որ հոգևոր դասը կիսվում է։

«Մյուս կողմից էլ, երբ նայում ենք այս կիսվելուն, տեսնում ենք, որ այս բաժանումները միշտ էլ եղել են, սա էլ նշանակում է, որ մենք Ավետարանը ճիշտ չենք նայում։ Պողոս առաքյալն ասում է՝ «Մեկ Քրիստոս կա», հիմա մենք Քրիստոսի՞ն ենք ընտրում, թե՞ այդ անձին։

Եթե ես ընտրում եմ անձին Քրիստոսից ավելի, ուրեմն՝ եկեղեցուն արժանի չեմ, ուրեմն՝ եկեղեցին իմ տեղը չէ։ Հենց այս ճանապարհով էլ եկեղեցին մաքրվում է։ Բայց այդ մաքրումը տեղի է ունենում ընտանիքի ցավով, բոլորս էլ դրա համար վշտանում ենք, որովհետև ընտանիքից մեկ հոգի կորցնում ենք։

Քրիստոսն է եկեղեցու հիմքը, պսակը և ամեն ինչը, հետևաբար՝ կորստյան մատնվածներն այդպես պետք է լինեին։ Հիմա թող Աստված իր ողորմությունն անի, մեր ուրացումները թող Պետրոսի նման լինի, ոչ թե Հուդայի, որովհետև ամեն մեղք գործելուց մենք Քրիստոսին դավաճանում ենք։ Բայց Պետրոսի նման կարող են զղջալ ու հետ գալ, քան Հուդայի նման գնան ու կորչեն»,- ընդգծեց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

Leave a Comment