SoftBank-ը բանակցություններ է վարում DigitalBridge-ի ձեռքբերման մասին

SoftBank Group-ը բանակցություններ է վարում DigitalBridge-ի ձեռքբերման շուրջ, ինչի արդյունքում թվային ենթակառուցվածքների ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է։

Հնարավոր գործարքը ընդգծում է SoftBank-ի ռազմավարությունը՝ ընդլայնել իր ներկայությունը ԱԲ-ի վրա կենտրոնացած տվյալների կենտրոնների և թվային ենթակառուցվածքների ոլորտում։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։

DigitalBridge-ը ներդրումներ է կատարում տվյալների կենտրոններում, օպտիկամանրաթելային ցանցերում, բջջային աշտարակներում և edge ենթակառուցվածքներում՝ կառավարելով շուրջ 108 միլիարդ դոլարի ակտիվներ։ Ընկերության պորտֆելն ընդգրկում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ DataBank-ը, Switch-ը, Vantage Data Centers-ը և Yondr Group-ը։ Որոշ աղբյուրների համաձայն՝ բանակցություններն ընթանում են, սակայն դեռ չեն վերջնականացվել, իսկ գործարքի պայմաններն ու ժամկետները կարող են փոփոխվել։

Գործարքի իրականացումը SoftBank-ի համար կդառնա ակտիվների կառավարման ոլորտում երկրորդ խոշոր ձեռքբերումը՝ Fortress Investment Group-ի գնումից հետո։ DigitalBridge-ի բաժնետոմսերը տարվա ընթացքում գրանցել են որոշակի տատանումներ, մասնավորապես՝ գնման մասին լուրերի ֆոնին, սակայն մի շարք վերլուծաբաններ վերջերս վերահաստատել են դրական գնահատումները և բարձրացրել թիրախային գները։

Leave a Comment