Այս գիշեր տեղի ունեցած մարտական գործողություններից և նախօրեին ձեռք բերված հրադադարից հետո Հալեպում հարաբերական անդորր է։ Չնայած դրան, քաղաքում նախկինի պես լսվում են հեռավոր պայթյուններ, իսկ իրավիճակը մնում է անկայուն, հայտնում է «Արևելք» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ շատ խանութներ շարունակում են փակ մնալ, սակայն սպասվում է, որ առաջին հերթին կվերսկսեն աշխատանքը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով առևտրի կետերը: Քաղաքի հայկական թաղամասերում պահպանվում է զգուշավոր իրավիճակը. անցորդների թիվը նկատելիորեն նվազել է, բնակիչները փորձում են առանց անհրաժեշտության դուրս չգալ:
Գիշերը Հալեպում բախումները կրկին ուժեղացել են։
Արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակվում են ռազմական գործողությունները սիրիական բանակի և քրդական կազմավորումների միջև, որոնք մոտ են հայաբնակ շրջաններին: Տեսագրություններում արձանագրվել է սիրիական բանակի զրահատեխնիկայի տեղաշարժը Վիլաներ շրջանում, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում: Մարտերի առանցքային կետերից մեկը շարունակում է մնալ «Կաբրի» շրջանաձև հանգույցը, որտեղ, ըստ տեղեկությունների, տեղի են ունենում առավել կատաղի բախումներ:
Սիրիական բանակը հայտարարել է Շեյխ-Մաքսուդ շրջանում մի շարք ծանր և միջին զինատեսակների առգրավման մասին, որոնք, նրա տվյալներով, քրդական ուժերն օգտագործել են Հալեպի թաղամասերը գնդակոծելու համար: Այդ շրջանում փողոցների մաքրման աշխատանքները շարունակվել են նաև գիշերային ժամերին։
Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
