LMArena-ն հասել է $1.7 միլիարդ գնահատման

LMArena-ն, որն սկիզբ է առել որպես Կալիֆորնիայի համալսարանի Բերկլիի հետազոտական նախագիծ 2023թ.-ին, ներգրավել է 150 միլիոն դոլար Series A ֆինանսավորման շրջափուլում՝ հասնելով 1.7 միլիարդ դոլար հետներդրումային (post-money) գնահատման։

Փուլը գլխավորել են Felicis-ը և UC Investments-ը։ Ստարտափը դեռ մայիսին ներգրավել էր 100 միլիոն դոլար ներդրում սաղմնային շրջափուլում՝ ստանալով 600 միլիոն դոլար գնահատում և հասցնելով ընկերության ընդհանուր ներդրումները 250 միլիոն դոլարի ընդամենը 7 ամսում։

Ընկերությունն առավել հայտնի է իր բազմամարդ (crowdsourced) ԱԲ մոդելների գնահատման հարթակով, որտեղ օգտատերերը համեմատում են տարբեր մոդելների պատասխանները և քվեարկում ըստ կատարողականության։ LMArena-ն ունի ավելի քան 5 միլիոն ամսական օգտատեր 150 երկրներից և շուրջ 60 միլիոն ամսական զրույցներ, որոնցից հավաքված տվյալների հիման վրա կազմվում են լայնորեն կիրառվող վարկանիշային աղյուսակներ՝ ընդգրկելով տեքստային, տեսողական, վեբ ծրագրավորման և պատկերների գեներացման մոդելներ՝ OpenAI-ից, Google-ից, Anthropic-ից և այլ ընկերություններից։

Սեպտեմբերին LMArena-ն գործարկել էր իր կոմերցիոն ծառայությունը՝ AI Evaluations-ը, որը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին և մոդելներ ստեղծողներին վճարովի հիմունքով անցկացնել համայնքի միջոցով իրականացվող մոդելների փորձարկումներ։ Ծառայությունը դեկտեմբերին գրանցել է 30 միլիոն դոլարի տարեկան կանխատեսվող սպառման ցուցանիշ, ինչը նպաստել է խոշոր վենչուրային ներդրողների ներգրավմանը, որոնց թվում են Andreessen Horowitz-ը, Kleiner Perkins-ը, Lightspeed-ը և այլ հայտնի ֆոնդեր։

Leave a Comment