10 հունվարի 2026 – 14:47 AMT
PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հետ ստորագրած հայտարարությունը դուրս է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից։
Իր հրապարակման մեջ Մելոյանը նշել է, որ ի տարբերություն հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով, պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, գործում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում։
«Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։
ՀՀ վարչապետի կողմից ընդունվող փաստաթղթերի տեսակը սահմանված է մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում այդ շրջանակում։ Սա հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։