Փաշինյան. Եկեղեցին պետք է լինի քաղաքական հակասություններից զերծ տարածք

Փաշինյան. Եկեղեցին պետք է լինի քաղաքական հակասություններից զերծ տարածք

10 հունվարի 2026 – 14:36 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է, որ եկեղեցին պետք է լինի քաղաքական հակասություններից զերծ տարածք:

Անդրադառնալով եկեղեցու դերին՝ նա նշել է, որ եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ իշխանամետ:

«Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց եկեղեցու կողմից քաղաքականություն ծավալելու անթույլատրելիության մասին։ Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս, կամ՝ կոնսենսուս մինուս մի քանիսը։ Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում․արդյոք ՀԱԵ-ն պետք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին և եթե այո՝ ինչպիսի։

Ես կարծում եմ, որ, այո պետք է ունենա առնչություն և եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ ամենասուր քաղաքական հակառակորդները եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել ազգային եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, աղոթք հղել առ Աստված, հաղորդություն ընդունել։

Իմ կարծիքով եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա և նրա առաջնային մտահոգությունը պետք է լինի իրական կյանքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետության, նրա դավանած արժեքների տարածման հարցը»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացող քահանաների թիվն աճել է: Նրանց հայտարարությունները հրապարակվել են Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման Ֆեյսբուքի էջում:

Նրանք են Երվանդ քահանա Բաբայանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Թովմաս սարկավագ Մարտիկյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախաձեռնությանը միացած հոգևորականների թիվը հասել է 16-ի։

Մի քանի տասնյակ քահանաներ հրապարակավ հայտարարել են Մայր ԱԹոռի, կաթողիկոսի կողքին լինելու ու պառակտիչ գործընթացին դեմ լինելու մասին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որը համակարգելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը։ Նա նշել էր, որ խորհուրդը կարող է ընդլայնվել՝ միաձայնության հիմքով։ Փաշինյանը կոչ էր արել ինչպես հասարակությանը, այնպես էլ հոգևորականներին՝ միանալ բարենորոգման օրակարգին։

Նախաձեռնության համակարգող խորհուրդը արդեն գումարել է իր առաջին նիստը, որի ժամանակ քննարկվել են բարենորոգման հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերն ու առաջիկա ծրագրերը։ Քննարկումների հիմքում եղել են հիմնադիր հայտարարությամբ ամրագրված սկզբունքներն ու նպատակադրումները։

Leave a Comment