Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է խաղաղ բողոքները երկրում բռնության վերածելու մեջ

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է խաղաղ բողոքները երկրում բռնության վերածելու մեջ

10 հունվարի 2026 – 11:58 AMT

PanARMENIAN.NetԻրանն ԱՄՆ-ին է պատասխանատու համարում երկրում տեղի ունեցող խաղաղ բողոքները հակակառավարական բռնի գործողությունների վերածելու համար։ Այդ մասին հայտնի է դարձել հունվարի 9-ին՝ Իսլամական Հանրապետության ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակից:

Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները մեղավոր է «խաղաղ բողոքները բռնության, սաբոտաժի գործողությունների և վանդալիզմի վերածելու մեջ», գրում է «Իզվեստիան»:

Նամակում ասվում է, որ Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունվարի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրանի քաղաքացիներին, ովքեր մասնակցել են խաղաղ բողոքի ակցիաներին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համերաշխ է նրանց հետ, ովքեր իրենց տեսակետն արտահայտում են առանց բռնության։

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հայտարարել է, որ զանգվածային բողոքների մասնակիցները հարձակվել են 26 բանկի վրա և հրկիզել են Թեհրանում գտնվող 25 մզկիթ։

Զաքանին հավելել է, որ ցուցարարները հրկիզել են 42 ավտոբուս, 10 պետական հիմնարկ և 24 բնակարան։ Քաղաքապետի խոսքով՝ նրանք հարձակումներ են իրականացրել նաև իրավապահ մարմինների հենակետերի վրա։ Հրդեհների հետևանքով վնասվել է 48 հրշեջ մեքենա։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ բողոքի ակցիաների մասնակիցները գործում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկություններին համահունչ։ Նրա կարծիքով՝ բողոքավորները «հեռատես չեն» և հավատում են Թրամփի հայտարարություններին՝ աղբամաններ հրկիզելով նրան «ուրախացնելու» համար։

IRNA գործակալությունը հունվարի 2-ին հայտնել է, որ Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ և ՄԱԿ-ի ԱԽ՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բողոքների վերաբերյալ և նախազգուշացրել, որ պատրաստ է պաշտպանվելու՝ ամերիկյան հարվածի դեպքում։ Նամակում նաև նշված է, որ Միացյալ Նահանգները լիարժեք պատասխանատվություն է կրելու ցանկացած ապօրինի սպառնալիքի հետևանքների և հետագա լարվածության սրման համար։

Նույն օրը Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել բողոքողներին։

Leave a Comment