Արտաշատում ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպը փլուզվել ու վնասել է գազախողովակները

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ փլուզվել է բնակչի սեփականություն հանդիսացող քարե պարսպի մոտ 10-15 մետր հատված, իսկ մի հատված էլ դարձել է վթարային։

Փլուզման հետևանքով վնասվել են մոտ 700 տնտեսության կողմից օգտագործվող գազախողովակներն ու գազախողովակների հենասյուները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին արդեն աշխատում են «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի մասնագետները, ովքեր ձեռնամուխ են եղել վնասված գազախողովակները վերանորոգելու և հենասյուները ուղղելու ուղղությամբ։ Համայնքային ոստիկանները պարզում են փլուզված պատի սեփականատիրոջ ինքնությունը։

–00—ՅՄ

Leave a Comment