Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինու պիտակին պատկերված ՀՀ Գեղարքունիքի մարզը նշված է որպես «Արևմտյան Ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», Մարտունին՝ Ղարանլուխ, իսկ Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված, հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նրա խոսքով՝ նշված գինին վաճառվում է ասիական ու ամերիկյան շուկաներում և շատ հայտնի է։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումը ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Հունվարին այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հունիսին Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը նշանակում է Բաքվի տարածքային նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Բաքվից վերջին տարիներին բազմիցս հայտարարել են Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։ Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելուց։
Կարդացեք նաև՝
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռ փակել «արևմտյան Ադրբեջանի» և Արցախ վերադարձի հարցը
