ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։
Ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունները․
«Ես` Տեր Արտավազդ քահանա Սիմոնյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին` ազգիս Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։ Միշտ հաւատարիմ` մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան օծեալ եւ սուրբ աջոյն»:
«Ես’ Տեր Սեպուհ քահանա Հակոբյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։
«Ես’ Տեր Արտակ քահանա Սուլթանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Վեհափառ Հայրապետին։ Խստորեն դատապարտում եմ մեր Մայր Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացը»։
«Ես` Տեր Արսեն քահանա Փահլևանյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր Գահակալին։ Սիրելիներ, այս ծանր օրերին հեռու վանենք մեզանից գայթակղություններն ու վիրավորանքները, աղոթենք մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար, քանի որ Աստծուց զորավոր ուժ գոյություն չունի»։
Տեր Հովել քահանա Օհանյանը գրում է․ «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»:
Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:
Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ դավաճանեք:
Մնա՛նք մեր կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր: Մեր սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրիկի հանդեպ արտահայտենք առավել նվիրված, գործուն և արդյունաշատ ծառայությամբ:
Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որպեսզի իրական կյանքում շարունակեն իրենց ավերը: Մեր գործը ֆեյսբուքից դուրս է….
«Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր:
Տե՛ր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»:
–00—ՅՄ