Մոսկվան «ազգային փոքրամասնություններին ուղարկում է ուկրաինական մսաղաց՝ իրականացնելով էթնոցիդի քաղաքականություն»

Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները սևեռված են ռուս-ուկրաինական պատերազմին Ռուսաստանի Դաշնության իսլամադավան սուբյեկտների մասնակցության խնդրի վրա:

Քարոզչությունը կառուցվում է «Ռուսաստանը պատերազմն օգտագործում է ժողովրդագրական իրավիճակ փոխելու նպատակով» նարատիվի վրա: Ուշադրության կենտրոնում է հատկապես Դաղստանը, որ Ադրբեջանին սահմանակից է:

Minval politika-ն, մասնավորապես, հրապարակել է Դաղստանի «ինքնությունը բացահայտել չցանկացած բնակչի» դիտարկումը, ըստ որի՝ ՌԴ այդ ինքնավար հանրապետությունից պատերազմ զորակոչվածների «ութսուն տոկոսը զոհվում է»:

Ադրբեջանի կիսապաշտոնական լրատվամիջոցի «զրուցակիցը» պատմել է, որ Դաղստանում «երիտասարդությունը ստիպված է պատերազմին մասնակցելու պայմանագիր կնքել, քանի որ աշխատանք չունի»:

Անանուն դաղստանցին Ռուսաստանի դաշնային իշխանություններին խստորեն քննադատել է ինքնավար հանրապետության բնական պաշարների շահագործումը «միտումնավոր սառեցնելու քաղաքականության» համար և ամփոփել, որ պաշտոնական Մոսկվան «ազգային փոքրամասնություններին ուղարկում է ուկրաինական մսաղաց՝ իրականացնելով էթնոցիդի քաղաքականություն»:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր Դաղստանի խնդիրը միշտ առկա է եղել, բայց այն առումով, որ Ռուսաստանն, իբր, Ադրբեջանի հյուսիսի լեզգի բնակչությանը «ներշնչել է անջատողականություն» և այդ հանգամանքն օգտագործել՝ «սահմանափակելու ադրբեջանական ժողովրդի ինքնիշխանությունը»:

Ներկայումս, երևում է, Իլհամ Ալիևը փորձում է առնվազն քարոզչական տիրույթում հանդես գալ որպես Դաղստանի ժողովուրդների և հատկապես լեզգիների «ազգային ինքնության պաշտպան»: Արտառոց է, սակայն, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փակ պահել ցամաքային սահմանները:

Տրամաբանությունը հուշում է, որ եթե Ալիևը Դաղստանի ժողովուրդների ինքնության պահպանման ջատագով է, ապա պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի նրանք կարողանան խուսափել ուկրաինական պատերազմին հավաքագրվելուց:

Իսկ դրա համար բավական կլիներ բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը և հայրենիքում «աշխատանք չունեցող» դաղստանցիներին ընդունել Ադրբեջանում:

Տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Իլհամ Ալիևը բացահայտ ասել է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները մոտ ապագայում չեն բացվի: «Կարծում եմ, պատճառները հասկանալի են»,- ասել է նա:

Կարելի է վստահաբար ասել, որ Ալիևը զգուշանում է ոչ միայն Իրանի էթնիկ ադրբեջանցիների, այլև դաղստանցիների զանգվածային ներգաղթից, որ սոցիալ-կենցաղայինից բացի կարող է հարուցել քաղաքական խնդիրներ:

Արդյունքում ստացվում է, որ Դաղստանի բնիկ ժողովուրդների ճակատագրով «մտահոգվածությունը» միայն առերևույթ է:

Ադրբեջանը գործնականում Ռուսաստանի «ցեղասպան քաղաքանության» դեմ ոչինչ չի ձեռնարկում, քանի որ լեզգիների «էթնոցիդը» ձեռնտու է նաեւ իրեն. Բոլորովին վերջերս նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը Դերբենտն անվանել է Ռուսաստանի ամենահին, բայց «վաղնջական թուրքական քաղաք»:

Leave a Comment