Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը նոր միացողներ կան


Էդգար Սողոմոնյանը (նախկինում՝ Հայր Գնել) և Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ևս հայտնել են, որ միանում են Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։


Նախաձեռնությանը միացած քահանաների թիվը հասել է 16-ի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեկսբուքյան իր էջում անդրադարձել է դրան․ «Կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին և մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»։ 


Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:


Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։

Դիտումների քանակ8

Leave a Comment