Մենք նաև նույնականացրել ենք այն հայաստանյան լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ նպաստել են ապատեղեկատվության տարածմանը, ասել է Նազելի Բաղդասարյանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը խոսել է լրատվամիջոցներում ապատեղեկատվական արշավների մասին։
«Առաջիկայում մենք ավելի հաճախ կարճ տեսանյութերի միջոցով կխոսենք ապատեղեկատվական արշավների մասին, որոնք հիբրիդային պատերազմի կարևոր բաղկացուցիչ մասն են։ Մենք կփորձենք վերլուծել դրանց ծագումնաբանությունը ու նպատակները, հիմնական թիրախները և ընտրված ժամանակահատվածը», – իր Facebook-ի իր էջում տարածած տեսանյութի միջոցով ասել է Նազելի Բաղդասարյանը։
Նա վստահություն է հայտնել, որ «մեր հանրության տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնելու լավագույն միջոցը անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկատվությամբ զինված լինելն է, ինչին էլ մենք կփորձենք նպաստել»։
Նա հավելել է, որ ուսումնասիրվել են Հայաստանի դեմ ուղղված բոլոր ապատեղեկատվական հոսքերը։
«Մենք նաև նույնականացրել ենք այն հայաստանյան լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ նպաստել են ապատեղեկատվության տարածմանը։ Երբեմն դա եղել է գիտակցաբար, երբեմն՝ մեխանիկորեն», – նշել է վարչապետի մամուլի խոսնակը։