Հռոմի պապ Լեւոն XIV-ը, ընդունելով Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, դատապարտել է «ուժի վրա հիմնված դիվանագիտությունը»։
«Մեր ժամանակներում բազմակողմանիության թուլությունը հատկապես մտահոգիչ է միջազգային մակարդակում։ Դիվանագիտությունը, որը խթանում է երկխոսությունը եւ ձգտում է բոլոր կողմերի միջեւ համաձայնության, փոխարինվում է ուժի վրա հիմնված դիվանագիտությամբ՝ թե՛ անհատների, թե՛ դաշնակից խմբերի կողմից։ Պատերազմը կրկին նորաձեւ է, եւ պատերազմի նկատմամբ եռանդը տարածվում է»,- հայտարարել է պապը՝ Վատիկանում դիմելով դեսպաններին։
Լեւոն XIV-ի խոսքով՝ լիովին խաթարվել է հետպատերազմյան սկզբունքը, որն արգելում էր պետություններին ուժ կիրառել այլ երկրների սահմանները խախտելու համար։ Խաղաղությունն այլեւս չի դիտվում որպես պարգեւ կամ ցանկալի բարիք, նշել է նա։