ԱՄՆ մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել՝ դաշնային ներգաղթային գործակալի կողմից Մինեապոլիսում 37-ամյա ԱՄՆ քաղաքացի Ռենե Նիկոլ Գուդի սպանությունից հետո, հայտնում է CNN-ը։
Դեպքը տեղի է ունեցել Մինեսոտայում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) լայնածավալ գործողության ժամանակ։ Իշխանությունները չեն հրապարակել կրակողի անունը՝ նշելով, որ նա ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի իրավապահ մարմիններում և ծառայում է ICE-ի հատուկ ստորաբաժանման կազմում։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ կինը փորձել է իր մեքենայով վրաերթի ենթարկել գործակալներին, որից հետո նրանցից մեկը կրակ է բացել ինքնապաշտպանության նպատակով։ Սակայն տեղական իշխանությունները հերքում են այս վարկածը։ Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը հայտարարել է, որ գործակալի գործողությունները անզգույշ էին, մինչդեռ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը ICE գործողությունները անվանել է հասարակական անվտանգության սպառնալիք։ Նա ասել է, որ զգուշացրել է քաղաքում դաշնային ներկայության աճի ռիսկերի մասին։
Գուդի մահը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել Մինեապոլիսում և ԱՄՆ այլ քաղաքներում։ Ցուցարարները բողոքում են ICE-ի գործողությունների և Թրամփի վարչակազմի ներգաղթային կոշտ քաղաքականության դեմ։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել միջադեպի վայրի մոտակայքում գտնվող փողոցներ՝ ձեռքներին ցուցանակներ և պաստառներ՝ պահանջելով դաշնային գործակալների դուրսբերումը քաղաքից։
