Տրանսպորտային միջոցների տեխզննումը կապահովի դրանց պիտանելիությունը, կբարելավի անվտանգությունը՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը ավանություն է տվել 1997 թ. նոյեմբերի 13-ին ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների պարբերական տեխնիկական զննության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել միասնական պայմաններ անվավոր տրանսպորտային միջոցների պարբերական տեխնիկական զննության համար՝ ապահովելով դրանց պիտանելիությունը, բարելավելով անվտանգությունը, նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և դյուրացնելով անդամ երկրների միջև տեխզննության համակարգերի փոխադարձ ճանաչումը, հայտնում են կառավարությունից։
Համաձայնագիրը հնարավորություն կտա՝ բարելավել ճանապարհային անվտանգությունը տրանսպորտային միջոցների ստանդարտացված զննումների միջոցով՝ ապահովելով տրանսպորտային միջոցների համապատասխանեցումը անվտանգության հիմնական չափորոշիչներին, հեշտացնել միջսահմանային շարժունակությունը և առևտուրը՝ հնարավորություն տալով փոխադարձաբար ճանաչել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը այլ երկրների հետ, միջազգային ճանաչված տեխնիկական ստանդարտների ընդունմամբ բարելավել տրանսպորտային միջոցների սպասարկումը և նվազեցնել վթարների վտանգը՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով ծախսերի խնայողության, ընդունել արտանետումների միասնական ստանդարտներ՝ փորձելով նվազեցնել օդի աղտոտվածությունը և այլն: