ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են «Թրամփի ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ-ն:
Նրանք ընդգծել են վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ռազմավարական գործընկերության հաստատումն ու դրա շարունակական զարգացումը:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քվինին երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործընկերության օրակարգի հարստացման գործում ունեցած ավանդի համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։
Քվինն ավարտում է դիվանագիտական գործունեությունը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
