Եղանակային պայմանների վատթարացմանը զուգահեռ, ճանապարհներին ձյան և մերկասառույցի պատճառով վթարներն ու պատահարներն ավելանում են։
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքով՝ մինչ մերկասառույցին ու առատ ձյան հետևանքներին անդրադառնալը, նախ պատկան մարմինները պետք է լուծեն տարբեր խնդիրներ, որպեսզի վարորդները չդառնան «տուգանքի մատերիալ», իսկ երթևեկությունն էլ լինի անվտանգ։
«Հիմա երթևեկության կազմակերպման տեսանկյունից ամենախիտը Երևանն է, հետևաբար՝ նախ մայրաքաղաքի խնդիրները պետք է լուծեն, այնուհետև զուգահեռ՝ մարզերինը։ Չեմ կարծում, որ մեր պատկան մարմիններն այնքան հիմար են, որ չեն հասկանում այս խնդիրների լուծման կարևորությունը, բայց կարծում եմ՝ շեշտն ավելի շատ դրել են նրա վրա, որ վարորդները, հատկապես այս սեզոնին, շատ խախտումներ անեն ու տուգանվեն։
Բազմիցս օրինակ եմ բերել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որտեղ արագաչափ կար դրված, որի պատճառով օրը հարյուրավոր վարորդներ էին տուգանվում, քանի որ այդ փոքր հատվածում արագությունները տարբեր էին։ Լրիվ «թակարդ» էր դրված այդ հատվածում. ուրեմն՝ ԱՄՆ դեսպանատան մոտից սկսած՝ արագությունը 70 կմ/ժ էր տրված, մինչև այսօրվա Չինաստանի դեսպանատան մոտ հասնելն արդեն սահմանված արագության վերջն էր, մի քանի մետր այն կողմ սկսվում էր 80 կմ/ժ արագություն։ Այս երկու հատվածների մեջտեղում արագաչափ էին դրել, մարդը սահմանված արագությունն անցնելուց հետո արդեն սկսում էր 80 կմ/ժ արագությամբ վարել, այն էլ այն դեպքում, որ նշվում է, թե պետք է ենթարկվեք ընդհանուր կանոնների, ինչը ենթադրում է, որ Երևանում սահմանված արագությունը 60 կմ/ժ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Սահակյանը։
Ըստ Վահագն Սահակյանի, քաղաքային իշխանությունը փողոցներում ձնամաքրման աշխատանքներ անելուն զուգահեռ՝ պետք է նաև «կարմիր գծերի» հարցը լուծի, որովհետև մարդիկ թալանվում են, ու այդ ամենը տեղի է ունենում իշխանության իմացությամբ։
«Սա ահավոր ռեկետ է, կասեի՝ այստեղ կառավարական ռեկետ է տեղի ունենում, այսինքն՝ «կարմիր գծերի» հատվածները չեն կահավորում, այսինքն՝ հատուկ չեն կահավորում, որպեսզի մարդիկ այս սեզոնին խախտում անեն։ Վերջերս այս «թակարդում» հայտնվել եմ նաև ես, երբ փողոցում՝ գետնի վրա այլ նշան է, գլխավերևումդ՝ այլ։
Ի դեպ, վերջերս էլ մի տգեղ երևույթի հանդիպել եմ օդանավակայանում, երբ մեքենան կայանում ես, հետո քեզ բերում լուսանկար են ցույց տալիս, թե «դու մեկի փոխարեն՝ երկու մեքենայի տեղ ես զբաղեցրել, այնպես որ՝ երկու մեքենայի համար վճարիր», ու սա անում են արհեստական ինտելեկտի դարում, երբ ամեն ինչ մեկ րոպեում կարող են նկարել։ Այս խնդիրները թվարկում եմ, որ ցույց տամ՝ միայն մերկասառույցն ու չմաքրած ձյունը չեն, որ վտանգավոր են վարորդների համար»,- հավելեց նա։
Վահագն Սահակյանը նաև ասաց՝ այսօր Հայաստանում հարյուրավոր պարեկներ կան, որոնց միակ հոգսն այն է, որ վարորդներն ունենան մեքենայի ապահովագրությունն ու տեխզննման կտրոնը, մյուս հարցերը նրանց չեն հետաքրքրում։
«15 տարեկան տղան Աբովյանից հասնում է մեկ այլ մարզ, ճանապարհին վթարվում է մեքենան, ու տղան մահանում է, այդ ամբողջ ճանապարհին մեկ պարեկ չի՞ կարողացել մեքենան կանգնեցնի՝ տեսնելով, որ ղեկին անչափահաս է։ Եթե, օրինակ, այդ մեքենան երթևեկեր առանց ԱՊՊԱ-ի, վստահ եմ՝ բազմաթիվ պարեկներ անմիջապես կնկատեին։ Դե պարզ է, ԱՊՊԱ-ն մասնավոր ընկերություններն են անում, իրենց բիզնեսն է, որոշ մարդկանց գրպանի գումարն է, դրա համար էլ դրան շատ ուշադիր հետևում են»,- շեշտեց նա։
Վահագն Սահակյանն ասաց, որ վարորդներին միայն մեկ խորհուրդ կարող է տալ. «Առաջիկա ընտրություններին ընտրեն մի ազգային ուժի, որը և՛ ճանապարհների, և՛ երկրի անվտանգությունը կապահովի»։