Arca քարտերով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում 2% հետվճար ստանալու պայմանները

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2026 թվականի հունվարի 1-ից Arca վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում 2%-ի չափով հետվճար ստանալու պայմանները։

Միջոցառման շահառու կարող են լինել այն անձինք, ովքեր ունեն ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, և իրենց  անվամբ բանկում բացվել է հաշիվ և այդ հաշվին կցված է Arca վճարային քարտ:

Հետվճարի տրամադրման կարգը և պայմանները

  • Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։
  • Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը:

Ինչպե՞ս տարբերակել Arca քարտը բանկային այլ քարտերից

Arca քարտը Հայաստանի ազգային վճարային համակարգի մասն է, որի դիմերեսին արտացոլված է համակարգի պաշտոնական ապրանքանշանը (լոգո), ինչը հեշտացնում է քարտի ճանաչումը:

Հունվարի 1-ից բացառապես Arca վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում հնարավոր կլինի ստանալ հետվճար՝ 2%-ի չափով:

Arca քարտով անկանխիկ վճարում կատարելիս 2% հետվճարը չի գործի, եթե այդ վճարումը կատարվել է

  • տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների համար,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին,
  • բարձր ռիսկային վաճառակետերում (օրինակ խաղատներ),
  • ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց,
  • Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով,
  • կամ եթե գործարքը վերաբերում է ստացված հետվերադարձին, փոխհատուցմանը և հետգանձումներին:

Իրավաբան Հայկ Ղազազյանի կարծիքով՝ քեշբեքի ծրագիրը լայն հանրության համար ապահովում է ընդամենը ամսական 2-3 հազար դրամ շահույթ, սակայն դրա դիմաց ստեղծում է էական համակարգային ռիսկեր։ Կառավարության որոշմամբ Arca-ն պարտավորվում է ամեն ամիս Ֆինանսների նախարարությանը փոխանցել քաղաքացիների քարտային գործարքների վերաբերյալ տվյալներ։ Չնայած այն հանգամանքին, որ քեշբեքի հաշվարկը իրականացնում է Arca-ն, ոչ թե պետությունը, տվյալների փոխանցումը նախարարությանը պարտադիր է։

«Մի պահ խորանանք, խոսքը բոլորիս բանկային գործարքների մասին է: Այո, դրանք ապանձնավորված են, բայց փաստացի քաղաքացիների բանկային գործարքների մասին տվյալները արդեն լինելու են Ֆինանսների նախարարության տիրապետման տակ (սա աննախադեպ է), իսկ դրանց ամբողջությամբ բացահայտման և պաշտպանությանության միջև առկա է ընդհամենը գաղտնազերծման բանալի: Թե ում են հասանելի այդ բանալիները ARCA-ում, ինչպես են դրանք պահպանվում և ինչքանով են պաշտպանված պետության հնարավոր ճնշումներից մեր այսօրվա իրականությունը հաշվի առնելով, կարելի է միայն գուշակել: Փաստն այն է, որ հունվարի 1-ից մեր բոլորի բանկային գործարքների մասով տվյալները փոխանցվելու են պետական կառույց:», – գրել է Ղազազյանը։

Leave a Comment