Իրավիճակն այժմ խաղաղ է, բայց ռшզմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ պահպանվում է. Բերիո Հայոց թեմի խոսնակը՝ Հալեպից



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարից հետո քաղաքում այժմ իրավիճակն ամբողջովին փոխվել է. եռօրյա մղձավանջային օրերից հետո որոշակի անդորր է տիրում, այդուհանդերձ, իրավիճակն արագորեն փոփոխվում է, և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դեռ պահպանվում է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ մանրամասնելով Հալեպում այս պահին տիրող իրավիճակը՝ հատկապես տրամադրությունները հայ բնակիչների շրջանում: 

«Այսօր պատկերը բոլորովին փոխվեց, եռօրյա սարսափելի օրերից հետո այսօր որոշակի անդորր է տիրում»,-նշեց Գաբրիելյանը՝ մանրամասնելով, որ սիրիական բանակի և քրդական ուժերի միջև բախումները շարունակվել են մինչ առավոտ:

Նա մանրամասնեց, որ սիրիական բանակը ի վերջո կարողացել է մտնել այն շրջաններ, որտեղ տեղակայված էին քրդական ուժերը։  

«Հիմա իրականացվում են երեք շրջաններից՝ Աշրաֆիեից, Շեյխ Մաքսուդից և Բանի Զեյդից քրդական ուժերի դուրսբերման և նրանց Եփրատի արևելք տեղափոխելու աշխատանքները: Ռազմական գործողություններն ընդհանրապես դադարեցին, կոչ եղավ երեք շրջաններից տեղահանվածներին պատրաստվել վերադառնալ իրենց տներ։ Փառք Աստծո, որ եռօրյա ռազմական գործողությունները նվազագույն վնասներով ավարտվեցին»,-հայտնեց Մարիա Գաբրիելյանը։  

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, վերջին ժամերին Շեյխ Մաքսուդ շրջանում խնդիր է ծագել, որովհետև քրդական ուժերը մերժել են դուրս գալ, ինչի պատճառով սիրիական բանակը շրջանը դատարկելու նոր ժամկետ է տվել քրդերին:

Նա նշեց, որ ամեն ժամ իրադարձությունը փոփոխությունների է ենթարկվում, և հավանական են նոր բախումներ:

«Ամեն ժամ բան է փոխվում. Շեյխ Մաքսուդի շրջանում, կարծես, խնդիր կա և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասաց Գաբրիելյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրադրություն է քաղաքի հայ բնակչության շրջանում, Գաբրիելյանն ասաց, որ հայերը շատ չեն տուժել:

«Հայերը շատ չեն տուժել։ Մի քանի տներ վնասվել են և տասնյակ տների պատուհանների ապակիներն են փշրվել միայն»,-շեշտեց Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ այս շրջանները քրդական ուժերից դատարկվելուց հետո պիտի սկսվեն ականազերծման գործողությունները և շրջանի անվտանգության ապահովման աշխատանքները։

«Ենթադրվում է, որ կիրակի պետական, կրթական բոլոր հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքները և քաղաքն իր բնական հունի մեջ կմտնի»,-նշեց  Մարիա Գաբրիելյանը։

Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին հայտարարել է Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի շրջակայքում հրադադարի մասին՝ ռազմական իրավիճակը դադարեցնելու և օրենքի գերակայության ու բնակիչների վերադարձի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Նախարարությունը պահանջել է Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող զինված խմբավորումներին լքել տարածքը՝ թույլատրելով նրանց կրել միայն անձնական թեթև զենք։ Սիրիայի արաբական բանակը հանձն է առել ուղեկցել և ապահովել նրանց անվտանգ անցումը երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ:



Հետևեք մեզ՝ այստեղ




Leave a Comment