Ամփոփիչ ասուլիսի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2025 թվականին իրականացված ոլորտային հիմնական բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձել նախատեսվող ծրագրերին։
Ըստ այդմ՝
- 2026 թ․ հուլիսի 1-ից անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի հանրապետության ամբողջ տարածքում։
- Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցությունը կգործի որպես պետական նպաստ․ այն կտրամադրվի ընտանիքներին՝ մինչև երեխաների 6 տարեկանը լրանալը։
- Անկանխիկ գործարքներ իրականացնող կենսաթոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ մինչև 20 % հետվճար՝ նախկին 12 %-ի փոխարեն․ արդյունքում՝ հետվճարի չափը կարող է հասնել մինչև 10,000 դրամի՝ նախկին 6,000-ի փոխարեն։
- 2026 թ․ ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով։
- Կիրականացվեն Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում աջակցություն կտրամադրվի 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
- Ղարաբաղից տեղահանված անձանց կեցության այլ ծախսերի և հրատապ սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները երկարացվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը։
- Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 4066 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր։
- Քննարկվում է Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբացելու հարցը․ ծրագրից օգտվել է 2316 ընտանիք, 2270-ը վարկավորվել է։
Ասուլիսի շրջանակում նախարար Թորոսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ մանրամասնելով Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցման, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգի, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատանքի բարելավման և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

