Վենեսուելայում սկսել են ազատ արձակել քաղբանտարկյալներն. Թրամփը հայտարարել է՝ դա արվում է ԱՄՆ խնդրանքով

Վենեսուելայի կառավարությունը հունվարի 8-ին բանտից ազատ է արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների և լրագրողների մի խմբի։ Associated Press-ի տվյալներով՝ նրանց թվում են ինչպես վենեսուելացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, գրում է The Insider-ը։

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում ԱՄՆ-ի խնդրանքով։

«Նրանք [նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի կառավարությունը] հիանալի են։ Այն ամենը, ինչ մենք ուզում ենք, նրանք մեզ տվել են»,- ասել է Թրամփը։

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը (գործող նախագահի եղբայրն է) հայտարարել է, որ «զգալի թվով» մարդիկ ազատ կարձակվեն, սակայն հունվարի 8-ի ուշ երեկոյան դրությամբ՝ դեռևս պարզ չէր, թե կոնկրետ ովքեր են ազատ արձակվելու։

Նա բանտարկյալների ազատ արձակումն անվանել է բարի կամքի դրսևորում, «որը, ընդհանուր առմամբ, ուղղված է խաղաղության հաստատմանը»։ AP-ն, սակայն, հիշեցնում է՝ Վենեսուելայի կառավարությունը պնդում է, թե երկրում քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներ չկան։

Ըստ բանտարկյալների իրավունքները պաշտպանող «Ֆորո Պենալ» կազմակերպության՝ ազատ են արձակվել ընդդիմադիր Բիաջիո Պիլիերին, որը մասնակցել է Մարիա Կորինա Մաչադոյի 2024 թվականի նախագահական քարոզարշավին, և ընտրական հանձնաժողովի նախկին անդամ և 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Էնրիկե Մարկեսը։ Ազատ են արձակվել նաև Իսպանայի հինգ քաղաքացիներ, այդ թվում՝ վենեսուելա-իսպանացի իրավապաշտպան Ռոսիո Սան Միգելը։

Հունվարի 3-ին ամերիկյան հատուկ նշանակության ուժերը գործողություն էին իրականացրել, որի արդյունքում գերեվարվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը։ Նրանք տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, որտեղ նրանց մեղադրանք է  առաջադրվել թմրավաճառության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment