Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու անդրադարձել Իրանում մոլեգնած բողոքի ցույցերի մասնակիցներին:
Խամենեին հայտարարել է, թե ընդամենը մի բուռ մարդ հավատում է Թրամփին և գործում նրա հրամաններով:
«Թրամփը պետք է իմանա, որ այնպիսի բռնակալներ, ինչպիսիք են Փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը և Մոհամմադ Ռեզան, տապալվել են իրենց ինքնահավանության գագաթնակետին։ Նա նույնպես կտապալվի: Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի ներսում առկա խնդիրների վրա», – նշել է Խամենեին։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իշխանության է եկել հարյուր հազարավոր ազնիվ մարդկանց արյան շնորհիվ և Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանցից, ովքեր ավերածություններ են սերմանում։
«Իրանի ժողովուրդը չի հանդուրժում օտար շահերին ծառայող վարձկաններին և նման մարդկանց համարում է մերժված», – ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջից մոլեգնած և մինչ օրս շարունակվող բողոքի ցույցերն Իրանում դառնում են անվերահսկելի. հրկիզվել են կառավարական շենքեր, երկրում զոհերի թիվն աճում է:
Բողոքի ցույցերի ժամանակ այս օրերին զոհվել է առնվազն 45 մարդ, այդ թվում՝ ութ երեխա։ Ամենաշատ մահերով օրը չորեքշաբթին է եղել՝ հունվարի 8-ը, երբ հաստատվել է 13 մահ։ Ավելի քան 2000 մարդ ձերբակալվել է։
Տարբեր կազմակերպություններ մեղադրել են Իրանի իշխանություններին բողոքի ցույցերը ճնշելու համար կոշտ մեթոդներ կիրառելու մեջ, այդ թվում՝ վիրավոր ցուցարարներին կալանավորելու համար հիվանդանոցների վրա հարձակումների և արցունքաբեր գազի կիրառման:
ԱՄՆ նախագահ Թրամփը, արձագանքելով Իրանից ստացվող ահագնացող լուրերին, սպառնացել էր հարված հասցնել Իրանին՝ ցուցարարների վրա կրակ բացելու պարագայում: Նման տեղեկություններ մամուլում հայտնվել են, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
170 դիտում