Թորոսյան․ Առողջության ապահովագրությունն ավագ սերնդի համար ամենաէական բարելավումներից է

Թորոսյան․ Առողջության ապահովագրությունն ավագ սերնդի համար ամենաէական բարելավումներից է

9 հունվարի 2026 – 14:16 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսում ասել է, որ առողջության ապահովագրությունն ավագ սերնդի համար ամենաէական բարելավումներից է:

Ըստ նրա՝ քանի որ տարեց քաղաքացիներն իրենց մեծածավալ ծախսերն իրականացնում են առողջապահական կարիքների համար, պետությունը որոշել է ստանձնել այդ բեռը, հայտնում է 1lurer.am-ը:

«Քանի որ առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 10,800 դրամ է 200 հազար դրամից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ 10,800 դրամը, փաստացի, կարելի է ասել, որ մենք մեր կենսաթոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք Առողջության ապահովագրության հիմնադրամին, և երբ ծագի խնդիր, այդ խնդիրը կլուծվի»,– ասել է նա։

Նախարարի խոսքով՝ առողջական խնդիրները, որպես կանոն, չեն սահմանափակվում 10 հազար դրամի ծախսով։ Շատ դեպքերում դրանք հասնում են հարյուր հազարավոր դրամների, երբեմն՝ նույնիսկ միլիոնների, քանի որ այսօր 100 հազարից պակաս արժեքով բժշկական միջամտություն գրեթե չկա։

«Կարծում եմ՝ սա մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է 2026 թվականի՝ հաշվի առնելով նաև մնացած բարելավումները, և դա մեծ օգուտ է տալու իրենց ու իրենց ընտանիքներին։ Իրենք փաստացի չեն ծախսելու այն, ինչ պոտենցիալ պիտի ծախսեին, և իրենց ազատ միջոցներն օգտագործելու են այլ ծախսերի վրա»,– նշել է Թորոսյանը։

Ազգային ժողովн ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսվում է ներդնել փուլային եղանակով՝ երեք տարվա ընթացքում։ Ըստ այդ օրենքի՝ ապահովագրական փաթեթը լինելու է համապարփակ և միատեսակ բոլոր քաղաքացիների համար, տարեկան արժեքը՝ 129,600 դրամ։

2026 թվականին պետությունը ամբողջությամբ կֆինանսավորի ապահովագրությունը մի շարք խմբերի համար, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող անձանց, հաշմանդամության 1-3-րդ խմբերին, սոցիալապես անապահովներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև 65 տարեկանից բարձր անձանց։

Նախատեսվում է, որ «Արմեդ» հավելվածում, ինչպես նաև Առողջապահության նախարարության և ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքերում հասանելի կլինեն այն հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների ու դեղերի ցուցակները, որոնք ընդգրկված են ապահովագրական փաթեթում։

Leave a Comment