Խամենեին հորդորել է Թրամփին զբաղվել ԱՄՆ գործերով և ասել է, որ Իրանը չի նահանջի

Խամենեին հորդորել է Թրամփին զբաղվել ԱՄՆ գործերով և ասել է, որ Իրանը չի նահանջի

9 հունվարի 2026 – 15:00 AMT

PanARMENIAN.Net – Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր ուղերձում, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին հարվածելու սպառնալիքներին, հորդորել է վերջինիս զբաղվել ԱՄՆ գործերով:

Նա հայտարարել է, որ արտասահմանից աջակցվող ուժերը փորձում են ապակայունացնել Իրանը՝ անդրադառնալով երկրի ներսում տեղի ունեցող ցույցերին։

«Թրամփը պետք է իմանա, որ աշխարհի բռնապետերը՝ Փարավոնը, Ռեզա շահը և Մոհամմադ Ռեզան, բոլորն էլ տապալվել են իրենց գոռոզության գագաթնակետին։ Նույնը կլինի նաև նրա հետ», — ասել է Խամենեին՝ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի անկարգությունների առջև։

«Բոլորը պետք է իմանան, որ Իսլամական Հանրապետությունը հիմնվել է հարյուր հազարավոր պատվավոր մարդկանց արյան գնով և չի նահանջելու վանդալների առջև»,-ասել է նա։

Անդրադառնալով երկրում տեղի ունեցող ցույցերին՝ Խամենեին մեղադրել է ցուցարարներին՝ ԱՄՆ նախագահին հաճոյանալու մեջ։

«Նրանք ուզում են նրան ուրախացնել։ Եթե իմանար՝ ինչպես կառավարել երկիրը, իր երկիրն էլ կկառավարեր», — ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ում բազմաթիվ խնդիրներ կան։

Հղում կատարելով հունիսյան հարձակումներին՝ Խամենեին նշել է. «12-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան հազար հայրենակից է նահատակվել»: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահն ասել է՝ «Ես եմ հրամայել և առաջնորդել հարձակումը», ինչը Խամենեինի կարծիքով հանդիսանում է խոստովանություն, որ «նրա ձեռքերը ներկված են իրանցիների արյամբ»։

Նա իր կողմնակիցներին կոչ է արել միասնական մնալ։

«Սիրելի երիտասարդներ, պահպանեք ձեր պատրաստակամությունն ու միասնությունը։ Միավորված ժողովուրդը կհաղթի ցանկացած թշնամու», — ասել է նա։

Դեկտեմբեր ամսվա վերջին Իրանում սկսվել են բողոքի ցույցեր՝ կապված ազգային արժույթի արժեզրկման հետ։ Դրա հիմնական պատճառը եղել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մանրածախ և մեծածախ գների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվել են բողոքի ակցիաների տեսանյութեր՝ նկարահանված Թեհրանում և այլ քաղաքներում։ Դրանից հետո Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը՝ Մոհամմադ Ֆարզինը, հրաժարական է տվել։ Նախագահի դեկտեմբերի 31-ի հրամանագրով այդ պաշտոնը ստանձնել է Աբդոլնասեր Հեմմաթին։

Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են բախումների ոստիկանության հետ և ուղեկցվել են հակաիշխանական կոչերով։ Տեղեկություններ են եղել զոհերի մասին ինչպես ցուցարարների, այնպես էլ ուժայինների շրջանում։

Իրանն այժմ ապրում է բարձր գնաճի շրջան։ Ռիալը շարունակում է արժեզրկվել. վերջին ամիսներին դոլարի փոխարժեքը սև շուկայում մի քանի անգամ գերազանցել է նախորդ ռեկորդները։ Մինչ ԱՄՆ-ի՝ 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր мвт 50 հազար ռիալ, իսկ այժմ այն հասել է մինչև 1.4 միլիոն ռիալի։

Leave a Comment