Մինեապոլիսում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ քաղաքացուհու սպանությունից հետո

ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է մի կնոջ Մինեապոլիսում (Մինեսոթայի նահանգ), որը, ինչպես հավաստիացնում են ամերիկյան իշխանությունները, փորձել է մեքենան քշել աշխատակցի վրա, տեղեկացրել է BBC-ն։

Ինչպես գրել է պարբերականը, ներգաղթի ոստիկանությունը զոհի արարքը որակել է «ներքին ահաբեկչության» գործողություն, իսկ պարեկի արձագանքը՝ ինքնապաշտպանություն։

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածը ԱՄՆ քաղաքացի, 37-ամյա բանաստեղծուհի Ռենե Նիկոլ Գուդն է, որը բնակվում է Մինեապոլիսում։

Գուդի մահը բողոքի ցույցեր առաջացրեց ամբողջ երկրում, շատ ցուցարարներ պաստառներ էին պահում «Արդարադատություն Ռենեի համար» գրությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունների դեմ իրականացվող բողոքի ցույցի ժամանակ, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։

«ICE աշխատակիցը, զգուշանալով իր կյանքի, իրավապահ մարմինների իր գործընկերների կյանքի եւ բնակչության անվտանգության համար, կրակել է ինքնապաշտպանության նպատակով»,- հայտնել է ներքին անվտանգության նախարարությունը, որը ղեկավարում է ICE-ն։

BBC-ն գրել է, որ տեսանյութը, որը նկարահանվել է անցորդի կողմից, ցույց չի տալիս բախումը։ Ներգաղթի ծառայության աշխատակիցները մոտենում են մեքենային, դուրս են գալիս և հրամայում են ամենագնացը վարող կնոջը դուրս գալ։ Գործակալներից մեկը քաշում է վարորդի կողմի դռան բռնակը։ Մեկ այլ գործակալ կանգնած է մեքենայի մոտ, ավելի մոտ թափքին։

Գործակալը կրակում է, երբ ամենագնացը փորձում է հեռանալ։ Հնչում է երկու կամ երեք կրակոց, և երևում է, թե ինչպես է մեքենան կորցնում վերահսկողությունը և բախվում փողոցում կայանված մոտակա մեքենային։

Leave a Comment