Nestlé-ն շուկայից հետ է կանչում «NAN» կաթնախառնուրդները

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել «NAN» ապրանքանիշի մանկական կաթնախառնուրդի որոշակի խմբաքանակներ՝ ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկի հայտնաբերման պատճառով։ Նշված տոքսինը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են տվյալ խմբաքանակները վաճառքի կետերից հավաքելու գործընթացը։ Չնայած այս արտադրանքի օգտագործման հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր դեռևս չեն արձանագրվել, հետկանչն իրականացվում է նախազգուշական նպատակով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սպառողներին իրացման ցանցում նշված խմբաքանակները տեսնելու դեպքում չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել կառույցի շուրջօրյա և անվճար գործող «118» թեժ գծին։

Leave a Comment