Իրանի իշխանությունները ամբողջությամբ անջատել են ինտերնետը երկրում՝ անցյալ տարվա վերջից ի վեր շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, ըստ NetBlocks ցանցային ակտիվության մոնիթորինգի ծառայության։
Սկզբում անջատումները գրանցվել են Քերմանշահ քաղաքում, սակայն թվային անջատումը հետագայում տարածվել է երկրի այլ շրջաններում։
Ընկերությունը հայտարարել է, որ խափանումները կապված են կառավարության թվային գրաքննության ուժեղացման հետ։ Ինտերնետի անջատումը կտրուկ նվազեցնում է անկախ լրատվության և տեղեկատվության տարածման հնարավորությունները։
Զանգվածային բողոքի ցույցերը Թեհրանում սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի գլխավոր շուկայում արժույթի կտրուկ անկման և գնաճի ֆոնին (Իրանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38.9%-ի)։ Հետագայում բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում և, ներկայիս գնահատականներով, ազդել են առնվազն 100 քաղաքների վրա։
Fox News-ի տվյալներով՝ ցուցարարները վերահսկողություն են հաստատել Իլամ նահանգի Աբդանան քաղաքում, այնտեղ կազմակերպել ջարդեր։ Ջարդերի մասին հաղորդվել է նաև Բանհալան գյուղում. ցուցարարները ոչնչացրել են շիա իմամների ժառանգ Աբբասի դամբարանը։ Մի քանի շրջաններում գրանցվել են կառավարական շենքերի վրա հարձակումներ, հուշարձանների քանդում և հրկիզումներ։
Ցուցարարները հրկիզել են Թեհրանի Հաֆթ-Հոզ թաղամասում գտնվող կառավարական շենքը:
Իրանի մարդու իրավունքների (IHR) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 45 մարդ, այդ թվում՝ ութ երեխա։ Ամենաշատ մահերով օրը չորեքշաբթին է եղել՝ հունվարի 8-ը, երբ հաստատվել է 13 մահ։ Ավելի քան 2000 մարդ ձերբակալվել է։
Տարբեր կազմակերպություններ մեղադրել են Իրանի իշխանություններին բողոքի ցույցերը ճնշելու համար կոշտ մեթոդներ կիրառելու մեջ, այդ թվում՝ վիրավոր ցուցարարներին կալանավորելու համար հիվանդանոցների վրա հարձակումների և արցունքաբեր գազի կիրառման:
«Times»-ը, հղում անելով հետախուզական զեկույցին, հաղորդել է, որ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մշակել է արտակարգ փախուստի ծրագիր վերահսկողության կորստի դեպքում։ Թերթի տվյալներով՝ Ռուսաստանը համարվում է փախուստի հնարավոր վայր։
ԱՄՆ նախագահ Թրամփն էլ, արձագանքելով Իրանից ստացվող ահագնացող լուրերին, սպառնացել է հարված հասցնել Իրանին՝ ցուցարարների վրա կրակ բացելու պարագայում: Նման տեղեկություններ մամուլում հայտնվել են, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
125 դիտում